Խամրած շենքեր

Կարմիրը կորչում է ձմռան ցուրտ շնչից,
Ու աշնան հետ մեկտեղ մեր շունչն է սառչում,
Կապույտն է տիրել աշխարհին այս սուտ,
Տերևներին թողնելով չորություն ու սարսուռ:
…
Եվ իմ ձեռքը ձգվում է դեպի պատուհան,
Դեպի ապակին՝ չեզոք, ընտրության առաջ,
Բայց տաքը կեղծ է, արևը չկա,
Խաբկանք է դա զուտ, միայն գոլորշի:
…
Սիրում եմ նայել կարմիր շենքերին,
Որոնք խամրել են ձմռան ցուրտ ու տաք օդից,
Նայում եմ ուրիշ պատուհաններին,
Եվ սիրում ձմեռը հիվանդ կոկորդից:
…
Նայում եմ կրկին, մտածում եմ ես,
Փնտրում պատասխան և նայում հեռուն,
Ձմեռն է, արդո՞ք, տիրել իմ սրտին,
Թե սիրտս սառել ու դարձրել ձմեռ:
Comments
Post a Comment