Պիտի ապրենք
Գիշեր էր: Նստած բազմոցին մտածում էի: Մտքերը շատ էին ու խառը, բայց ներսումս դատարկություն էր: Մի պահ փակեցի աչքերս: Մոռանալ էր հարկավոր: Սեղմել «ջնջել» հրամանը և ջնջել բոլոր հիշողությունները: Համակարգկիչների նման, երբ հիշողությունը լցվում է, ջնջում են: Ջնջում են՝ չպահելով ո՛չ երգերը, որոնք լսում էին ողջ օրը, ո՛չ նկարները, որոնք հիշեցնում էին օրերն ուրախ և տխուր: Ոչինչ, ոչինչ չենք պահում… Նորերն էլ ավելի զգուշությամբ ենք հիշում, որ չհասնի գագաթնակետին և վատերի հետ լավերն էլ ստիպված ջնջվեն:

Հանկարծ զարթնեցի և միանգամից սրտումս սուր ծակոց զգացի: Ցավը զրնգում էր ականջակալներից լսվող երաժշտության ռիթմի հետ համահունչ: Վեր կացա և տեսա մարմինս: Մահացել էի, թե՞ գժվել: Զգացի սրտիս սառնությունը: Խեղճը սառել էր շատ տաքանալուց հետո, այնքան կտրուկ, որ չէր դիմացել: Մարմինս շնչում էր: Շնչում էր, որ խաբեր մյուսներին և հավատացներ, որ ողջ էի: Միթե՞ մեռնելը ավելի վախենլու է: Եթե մահը մոտենար՝ գերանդին ձեռքին, ուղղակի կողջունեի, ինչպես բարևում եմ մյուս մեռած մարդկանց: Ոչ ուրվականներին, այլ մեռած մարդկանց: Ուրվականներից ոմանք շնչում են և օրորում իրենց վրայի սպիտակ սավանները, իսկ մարդիկ քարեր են շարժվող: Ոմանք թանկարժեք՝ մշակված և սուր անկյուններով, ոմանք առանց սուր անկյունների և անպաշտպան:
– Քնեցի՞ր,- ձայն տվեց տատիկս:
Դեռ ապրելու պատճառ ունեմ և պիտի լքեմ ինձ հարազատ կողքից դատողի աթոռը: Պիտի ապրեմ…
Comments
Post a Comment